AM
14 Սեպտեմբեր 2022 - 10:24 AMT

ՌԴ ԱԳՆ․ Լաչինի միջանցքով նոր ճանապարհը կգործի ապրիլի 1-ից

Նոր ճանապարհը Լաչինի միջանցքով, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ, կսկսի գործել 2023 թվականի ապրիլի 1-ից։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը` հավելելով, որ Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմը չի փոխվի։

«Վերջին ամսվա ընթացքում ձեռնարկած ջանքերի գլխավոր արդյունքն այն էր, որ ընդհանուր փոխըմբռնում է ձևավորվել, որ Լաչինի միջանցքով նոր ճանապարհը կսկսի գործել 2023-ի ապրիլի 1-ից։ Միևնույն ժամանակ, օգոստոսի 30-ից երթևեկությունն իրականացվում է ժամանակավոր ճանապարհով` շրջանցելով Լաչին քաղաքն ու այլ բնակավայրերը, որոնք գտնվում են միջանցքի հին մայրուղու անվտանգության գոտու սահմաններում», – ասել է Գոնչարը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև պայմանավորվածության արդյունքում և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ համաձայնեցմամբ, օգոստոսի 24-ին ավարտվել է միջանցքի հին մայրուղու անվտանգության գոտու սահմաններում գտնվող բնակավայրերի բնակիչների վերաբնակեցումը։

«Առանցքային նշանակություն ունի այն, որ Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմը չի փոխվի։ Ռուս խաղաղապահները տեղափոխվել են ժամանակավոր ճանապարհ, իսկ մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը կտեղափոխվեն նոր երթուղու տարածք», – ասել է Գոնչարը։

Ըստ նրա` և՛ Բաքուն, և՛ Երևանը ելնում են նրանից, որ Լաչինի միջանցքի շուրջ բոլոր հարցերի կարգավորումը պետք է իրականացվի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համախատասխան։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, բայց թիվը վերջնական չէ։

Սեպտեմբերի 14-ի առավոտյան լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին պահպանվում է։ ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին նախահարձակ գործողություններ է սկսել, մասնավորապես` Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ։ ադրբեջանցիները կիրառում են հրետանային միջոցներ, ականանետեր, իսկ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։