AM
14 Սեպտեմբեր 2022 - 10:28 AMT

ՌԴ ԱԳՆ․ Խովաևը Բաքու և Երևան կայցելի՝ աշխատելու խաղաղ պայմանագրի տեքստի վրա

Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը սեպտեմբերին հերթական այցերը կկատարի Բաքու և Երևան՝ խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքը շարունակելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:

«Խաղաղության պայմանագրի պատրաստման թեման կարևոր տեղ է զբաղեցնում հայ-ադրբեջանական կարգավորման աջակցման մեր ջանքերում։ Համապատասխան ռուսական օգնության պահանջարկը հաստատել են և Բաքվում, և Երևանում։ Անշուշտ, մեզ համար դա ինքնագովազդի հարց չէ, այլ հսկայական պատասխանատվություն է»,- հայտարարել է Գոնչարը, գրում է ՌԻԱ Նովոստիին

Նա հիշեցրել է, որ այդ ջանքերին սիստեմային և առարկայական բնույթ հաղորդելու համար ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հատուկ հանձնարարություններով դեսպան Խովաևին է շնորհել Ադրբեջանի և ՀՀ միջև հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցչի գործառույթներ։

«Խովաևը կանոնավոր կերպով այցելում է Բաքու և Երևան խաղաղ պայմանագրի թեմայով խորհրդակցությունների, կողմերի դիրքորոշումներում հատման կետերի որոնման համար՝ թեթևացնելու համար համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Հերթական այցերը կլինեն ընթացիկ ամսում»,-ասել է Գոնչարը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, բայց թիվը վերջնական չէ։

Սեպտեմբերի 14-ի առավոտյան լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին պահպանվում է։ ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին նախահարձակ գործողություններ է սկսել, մասնավորապես` Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ։ ադրբեջանցիները կիրառում են հրետանային միջոցներ, ականանետեր, իսկ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։