Ավարտվեց Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը, որն անցնում էր ապրիլի 4-12 Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Հայաստանի հավաքականի ելույթներն ավարտվեցին մեկ ոսկե եւ երկու արծաթե մեդալներով: Ոսկին նվաճեց Առաքել Միրզոյանը (69 կգ), որն առաջին անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, արծաթե մեդալների արժանացան Նազիկ Ավդալյանը (69 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ):
Վերջին երկու փուլերում հայ ծանրորդներ Արթուր Բաբայանը (120 կգ ք/կ) եւ Ռուբեն Ալեքսանյանը (+120ք/կ) անհաջող ելույթ ունեցան: Բաբայանը ութերորդ արդյունքը ցույց տվեց երկամարտի արդյունքում, իսկ Ալեքսանյանը ձախ ձեռքի վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել «հրում» վարժությանը:
Այդպիսով, Հայաստանի հավաքականը թիմային ստուգարքում գրավեց 5-րդ տեղը: Եվրոպայի առաջնությունում վստահ թիմային հաղթանակ տոնեց Ռուսաստանի հավաքականը, որը նվաճեց 5 ոսկե, մեկ արծաթե եւ վեց բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում է Թուրքիայի հավաքականը (3-1-1), երրորդն է Ուկրաինայի հավաքականը (2-2-1) եւ լավագույնների քառյակը եզրափակում է Բելառուսի թիմը (2-0-1):