AM
16 Սեպտեմբեր 2022 - 12:19 AMT

Գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին

Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին: Արդեն սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերի, իսկ տեսանյութերում երևացող մնացած չնույնականացված գերիների մասով (գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի մասին) ժամկետ է տրվել մինչև սեպտեմբերի 22-ը, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։

«Հայ ռազմագերիների նույնականացման աշխատանքները շարունակում ենք գործընկեր կառույցների հետ, որոնց արդյունքները պարբերաբար լրացնում ենք Եվրոպական դատարան ուղարկված մեր դիմումներով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, նաև, որ խաղաղ բնակավայրերի թիրախավորման արգելքի պահանջի մասով ՄԻԵԴ-ը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումն ուժի մեջ է և տարածվում է այս դեպքերի վրա (2020 թվականի որոշմամբ կողմերին կոչ էր արել պահպանել Կոնվենցիայի պահանջները, նաեւ գերիների մասով)։

Որոշմամբ ՄԻԵԴ-ը նշել է, որ ցանկացած շեղում կարող է հանգեցնել այս մոտեցման փոփոխության։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։ ‌