Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ հանդիպմանը ներկայացրել սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների, ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման, ինչպես նաև միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ։
Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կիպրական կողմին՝ հայ ժողովրդին համերաշխություն ցուցաբերելու, ստեղծված իրավիճակի վերաբերյալ հստակ ու հասցեական արձագանքի համար՝ նշելով, որ հրադադարի ռեժիմի պահպանման, ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման և նոր ագրեսիայի բացառման համատեքստում հիմնարար է միջազգային հանրության կողմից ագրեսոր երկրի հստակ և միանշանակ դատապարտումն ու համապատասխան գործողությունների ձեռնարկումը։
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարներն անդրադարձ են կատարել են նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, մտքեր են փոխանակել Հայաստանի-Հունաստան-Կիպրոս ձևաչափի շրջանակներում փոխգործակցությունն առավել ընդլայնելու և նոր մակարդակի բարձրացնելու շուրջ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։
Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։






