Հայաստանի անկախության 31-ամյակի կապակցությամբ և Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիայի համատեքստում, ի համերաշխություն Հայաստանի՝ սեպտեմբերի 21-ին Փարիզի քաղաքապետարանի վրա ծածանվել են Հայաստանի Հանրապետության դրոշները, հայտնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը։
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։
Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։
Սեպտեմբերի 21-ին ամբողջ աշխարհի հայերը նշում են ՀՀ անկախությունը օրը. 1991 թվականին հենց այդ օրը հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալուն:
Այսօր ՀՀ անկախության 31-րդ տարեդարձն է, որը, սակայն, առաջին անգամ չի նշվում որևէ միջոցառմամբ՝ Ադրբեջանի վերջին լայնածավալ ագրեսիայի պատճառով, որի հետևանքով, վերջին տվյալներով, հայկական կողմն ունի 207 զոհ և անհետ կորած։






