Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Նյու Յորքում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը, անդրադառնալով հարավային Կովկասում տեղի ունեցած որոշ իրադարձությունների մասին լուրերին ու ապացույցներին, հայտարարել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության:
Նա ասել է. «Իրանը պատրաստ է Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հետ խորհրդակցություններրի միջոցով օգնել տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով», գրում է ParsToday-ը։
Հանդիպմանն Ադրբեջանի ԱԳ նախարարը, անդրադառնալով երկու երկրի հարաբերություններում առկա խնդիրներին, ընդգծել է երկկողմ խորհրդակցությունների և համագործակցության անհրաժեշտությունը:
Հերքելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությունների վերաբերյալ հայտարարությունները, Բայրամովն ընդգծել է իր երկրի շահագրգռվածությունը՝ ներտարածաշրջանային համագործակցության շրջանակում Հայաստանի հետ տարածքային և սահմանային վեճերի արագ լուծման հարցում։
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։
Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։






