Հայաստանի եւ ԼՂՀ բասկետբոլի ֆեդերացիաները ակտիվ համագործակցություն են պլանավորում: Այդ կապակցությամբ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը պաշտոնական այց է կատարել Ստեփանակերտ, որտեղ հանդիպել է ԼՂՀ Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Միքայելյանի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:
Հայաստանի եւ ԼՂՀ բասկետբելի ֆեդերացիաների նախագահները քննարկել են մի շարք կազմակերպչական հարցեր, ինչպես նաեւ հանդիպման ընթացքում Հրաչյա Ռոստոմյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորին չափով օգնելու ԼՂՀ-ում բասկետբոլի զարգացման գործում:
Այս տարի եւս Արցախը Հայաստանի առաջնությունում ունենալու է կանանց եւ տղամարդկանց թիմեր: Արցախը ներկայացուցիչներ է ունենալու նաեւ Հայաստանի պատանեկան առաջնություններում:
Առաջիկայում Ստեփանակերտում ՀԲՖ-ն անցկացնելու է մարզչական եւ մրցավարական սեմինար, որին կմասնակցեն Արցախի մի քանի տասնյակ մարզիչներ եւ մրցավարներ: Իսկ ամռանը ՀԲՖ, ԱԲՖ եւ ԼՂՀ-ի սպորտկոմիտեի ջանքերով նախատեսվում է անցկացնել պատանեկան բասկետբոլի Հայաստանի առաջնություն: