AM
4 October 2022 - 06:26 AMT

Փրայսը՝ գերիների գնդակահարության մասին․ Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից անզեն հայ զինծառայողների գնդակահարությանը, հայտարարել է, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«ԱՄՆ-ն խորապես մտահոգված է ադրբեջանցի զինվորների կողմից անզեն հայ գերիներին գնդակահարելու վերաբերյալ վերջին հաղորդագրություններով: Մենք կոչ ենք անում լիարժեք և անաչառ հետաքննություն անցկացնել։ Ոճրագործությունների համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասվում է գրառման մեջ։

Սոցցանցերում տեսանյութ է տարածվել ադրբեջանական ԶՈւ կողմից հայ գերիների գնդակահարության մասին։ ՄԻՊ համապատասխան վերլուծություններն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու նաև այլ դերակատարներին։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ գրեթե վստահ են, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ և որ գերիներից 7-8 անձի նույնականացում է իրականացվում։