AM
10 Հոկտեմբեր 2022 - 07:59 AMT

Թոմաս դը Վաալ․ ԱՄՆ-ն հասկացնում է, որ իրեն մեծապես կզայրացնի, եթե Ադրբեջանի կողմից ռազմական գործողություն լինի

«Քարնեգի» հիմնադրամի առաջատար վերլուծաբան, Ղարաբաղյան հակամարտության գիտակ Թոմաս դը Վաալն, անդրադառնալով Ադրբեջանի վերջին ագրեսյիան ՀՀ դեմ, ընդգծել է՝ ԱՄՆ-ն դրական դեր է խաղում Հայաստանի դեմ Ադրբեջանի նոր հարձակումները զսպելու գործում:

«Նրանց լծակներն այնքան էլ հզոր չեն, բայց կարծում եմ, անշուշտ, ամերիկացիները հասկացնում են, որ իրենց մեծապես կզայրացնի, եթե Ադրբեջանի կողմից ռազմական գործողություն լինի», ասել է նա «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման եթերում:

Նա դրական է գնահատել Վաշինգտոնի, կարելի է ասել, արտաքին քաղաքականության ոլորտի երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի անձնական ներգրավվածությունը:

«Մի քանի ամիս ամիս առաջ տեսանք նաև Ուիլյամ Բըրնսի բավականին խորհրդավոր այցելությունը. գուցե դա ուղղակի կապված չէր հակամարտության հետ, բայց նա անշուշտ մեկն է, որ բավականին լավ է հասկանում այդ հարցը: Նշեմ նաև, որ նա իմ նախկին ղեկավարն է, «Քարնեգի» հիմնադրամի նախկին նախագահն է։ Այնպես որ, ամերիկացիները գիտեն այս հարցը, կենտրոնացած են դրա վրա», – ասել է դը Վաալը

Դը Վաալը վստահ չէ, որ լուրջ ռազմական գործողություն կլինի՝ նշելով, որ «Ալիևն իր ռազմական գործողությունները սահմանափակեց փոքր ծավալով»։

«Մենք դա տեսանք գարնանը՝ Ղարաբաղում, տեսանք օգոստոսին՝ Լաչինի շրջանում, և տեսանք 2020 թվականից հետո ամենալուրջ այս մարտական գործողությունները սեպտեմբերին: Այսպիսով՝ մարտական գործողությունները միշտ տևել են երկու-երեք օր, իսկ հետո՝ դադար: Կարծում եմ՝ դա ինքնին վատ է, քանի որ թուլացնում է խաղաղ գործընթացը, խաթարում կարգավորման հնարավորությունները, և իհարկե՝ հիմնականում այն պատճառով, որ մարդիկ են զոհվում: Բայց ես չեմ կարծում, որ մենք նոր լայնածավալ պատերազմի շեմին ենք, և այստեղ, կարծում եմ, միջազգային հակազդեցությունը ուժեղ կլիներ»,-ասել է փորձագետը:

Նա ընդգծել է, որ «նաև ռուսները կան գետնի վրա՝ նրանք և՛ Հայաստանում են, և՛ Ղարաբաղում»:

«Այնպես որ, եթե իրավիճակը ավելի լրջանա, ապա Ռուսաստանը դժկամությամբ, բայց կներքաշվի հակամարտության մեջ որպես Հայաստանի ռազմական դաշնակից», ասելէ վերլուծաբանը:

Դը Վաալը հավելել է, որ խոսքն ավելի շատ Ադրբեջանի կողմից ուժի ու դիվանագիտության այս համադրության մասին է, որ նա օգտագործում է, որպեսզի «փորձի հասնել նախագահ Ալիևի պատկերացրած արդյունքներին»:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 207 զոհի և անհետ կորածի մասին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։