ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած և ահաբեկչություն որակված պայթեցման կազմակերպիչն Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովն է, պայթուցիկը կամուրջ է հասցվել Օդեսայից՝ Բուլղարիայի, Վրաստանի և Հայաստանի տարածքով, գրում է ՏԱՍՍ-ը։
8 անձ ձերբակալվել է, որոնց թվում կա նաև ՀՀ քաղաքացի, մյուսները ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիներ են։ Ընդհանուր առմամբ, պայթյունի նախապատրաստմանը մասնակցել է 12 անձ, որոնց թվում կա նաև Վրաստանի քաղաքացի։
Ըստ ԱԴԾ-ի, պայթուցիկ սարքը քողարկված է եղել շինարարության համար նախատեսված պոլիէթիլենային ժապավենների 22 գլանափաթեթում, որոնց ընդհանուր քաշը 22,770 կգ էր։
Գործով անցնող ՀՀ քաղաքացին 1985թ․ ծնված Թերջանյան Արթուրն է։
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ին բեռը եղել է Երևանի «Տրանսալյանս» տերմինալում, մաքսազերվել է ԵվրԱզԷՍ-ի կանոններով, փաստաթղթերը փոխվել են, որից հետո ուղարկող որպես նշվել է «Գու ար ջի գրուպ» ՍՊԸ-ն (ՀՀ, Ալավերդի), իսկ ստացող՝ «Լիդեր» ՍՊԸ-ն (Մոսկվա)։ Այնուհետև բեռը Վրաստանում գրանցված DAF բեռնատարով հոկտեմբերի 4-ին հատել է Վերին Լարսի անցակետը և հոկտեմբերի 6-ին բեռնաթափվել Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում, որտեղ Ուկրաինայի 1 և ՌԴ 5 քաղաքացու օգնությամբ փաստաթղթերը կրկին փոխվել են և որպես բեռը ստացող նշվել է գոյություն չունեցող ինչ-որ ընկերություն Ղրիմում։
Նշվում է, որ քննությունը շարունակվում է։
Հոկտեմբերի 8-ի առավոտյան հրդեհ էր բռնկվել Ղրիմի կամրջի հատվածներից մեկում։ Ղրիմի երկաթուղու մամուլի ծառայությունից դա բացատրել էին բեռնատար գնացքի վերջնամասում վառելիքով վագոն-ցիստեռնի բռնկմամբ, սակայն ավելի ուշ պարզվեց, որ պատճառը վառելիքով բեռնատարի պայթյունն է եղել։ Կամրջի մի հատվածը փլուզվել է, սակայն օրվա վերջում արդեն երթևեկությունը վերականգնվել է։ ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել էր, որ Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի երթուղին հայտնի է՝ Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, Հյուսիսային Օսիա, Կրասնոդար։
19 կմ երկարությամբ Ղրիմի կամուրջը միացնում է Ղրիմը Կերչի թերակղզու հետ։ Շինարարությունը ՌԴ-ն սկսել էր 2016-ին և ավարտել 2019-ին։ Օգոստոսի 16-ին Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը The Guardian-ին ասել էր, որ Կիևը որպես լեգիտիմ ռազմական օբյեկտ է դիտարկում Ղրիմի կամուրջը։