Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի գծով մշտադիտարկման հարցերով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը և Բորիանա Էբերգը կոչ են աել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ հետ քաշվել Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից` նշելով, որ Ադրբեջանի ԶՈւ-ն զավթել է Հայաստանի տարածքը՝ խախտելով ՀՀ տարածքային ինքնիշխանությունը:
Նրանք մտահոգություն են հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից «ենթադրյալ ռազմական հանցագործությունների կամ անմարդկային վերաբերմունքի մասին» բազմաթիվ հաղորդագրությունների վերաբերյալ, ասվում է ԵԽԽՎ կայքում։
«Մենք նշում ենք, որ Ադրբեջանի զինվորական դատախազությունը որոշել է հետաքննել փաստերը և հուսով ենք, որ այդ հետաքննությունները կլինեն հրապարակային ու թափանցիկ: Մինչ երկու կողմերը միմյանց մեղադրում են ռազմական գործողությունների վերսկսման մեջ, ադրբեջանական զինված ուժերը օկուպացիայի են ենթարկել Հայաստանի տարածքը՝ խախտելով Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը և ԵԽ կանոնադրությամբ հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու Ադրբեջանի պարտավորությունը:
Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ հետ քաշվել Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից և ազատ արձակել ռազմագերիներին: Միայն դիվանագիտական միջոցները կարող են արդար և կայուն կարգավորում ապահովել, որն օգուտ կբերի երկու պետությունների բնակչությանը»,-նշել են համազեկուցողները։
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։
Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 207 զոհի և անհետ կորածի մասին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։