AM
14 Հոկտեմբեր 2022 - 11:16 AMT

Բաբայան․ Եղան պարզաբանումներ, որ որևէ մեկը չի պատրաստվում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ Արցախի պատվիրակության հանդիպումներին, ասել է, որ դրանց ընթացքում եղան պարզաբանումներ, որ որևէ մեկը չի պատրաստվում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։

Նա մանրամասնել է, որ հոկտեմբերի 13-ին հանդիպել են ԱԽ քարտուղարի հետ, 14-ին՝ ԱԺ նախագահի հետ, նախատեսված է նաև հանդիպում ՀՀ նախագահի հետ, իսկ հոկտեմբերի 15-ին կհանդիպեն ԱԳ նախարարի և վարչապետի հետ, հայտնում է «Փաստինֆոն»։

«Եկել ենք այստեղ՝ անկեղծ քննարկումներ իրականացնելու համար, ոչ միայն արցախահայությունը, այլև ամբողջ հայությունը գտնվում է յուրահատուկ իրավիճակում։ Այսօր հայտնվել ենք գոյաբանական մարտահրավերների առաջ, շատ կարևոր է, որ ստանանք մի շարք հարցերի պատասխաններ և տեղեկանանք տարբեր գործընթացների մասին։ Ազնիվ ձևով քննարկել ենք նույնիսկ ամենաբարդ հարցերը, մեզ համար կարևոր է, որ Արցախի հարցում ունենանք հստակ դիրքորոշում»,- ասել է Բաբայանը։

Դավիթ Բաբայանը շեշտել է, որ Արցախը դեմ չէ, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն, սակայն Արցախի և նաև ամբողջ հայության համար անընդունելի է Արցախը ճանաչել Ադրբեջանի մի մաս

«Ցանկացած փորձ, Արցախը Ադրբեջանի կազմում խցկելու, բերելու է պատերազմի, արյունահեղության, ցեղասպանության կամ Արցախի հայաթափման։ Սա մեսիջ է ամբողջ աշխարհին, եթե ժողովրդավար հասարակությունը մեզ դիտում է որպես Ադրբեջանի մաս, սա կլինի նաև իրենց վրա դաջված խարան, քանի որ արցախահայության ցեղասպանությունը կլինի նաև նրանց վարած քաղաքականության արդյունք»,-ասել է Արցախի ԱԳ նախարարը:

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, անդրադառնալով այն հարցին, որ քառակողմ հայտարարության մեջ որևէ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղին և ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել Արցախի հարցում՝ հաշվի առնելով, որ կողմերը հաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ասել է, որ Ադրբեջանը հակված չէ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը հարցը քննարկել Հայաստանի հետ:

«Միջազգային գործընկերներն էլ են հանգում այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության հարցերը ենթակա են հստակեցման, և այս առումով կարևոր են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումները՝ միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծմամբ։ Հայաստանն, իհարկե, Ադրբեջանի հետ բոլոր շփումներում հարցը ներառում է քննարկման շրջանակի մեջ»,-ասել է ԱԳՆ խոսնակը