AM
15 Հոկտեմբեր 2022 - 08:37 AMT

Ռուբեն Վարդանյան․ Այլևս անցյալը քննարկելու ժամանակ չունենք՝ պետք է լծվել Արցախի պաշտպանությանը

Հայտնի գործարար և բարերար, Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այլևս անցյալը քննարկելու ժամանակ չունենք՝ պետք է լծվել Արցախի պաշտպանությանը:

«Մենք հասել ենք այն սահմանագծին, որ այլևս անցյալը քննարկելու ժամանակ չունենք, և միակ բանը, որ պետք է անենք՝ լարել մեր ուժերն ու լծվել Արցախի պաշտպանությանը:

Եվ դա առաջին հերթին պետք է գիտակցեն երիտասարդները: Իսկ դրա համար կարևոր է, որ նրանք հավատան իրենց ուժերին, հավատան, որ այո, իրենց ապագան Արցախում պետք է լինի, և հասկանան, որ ոչ միայն կարող են, այլև պարտավոր են այս իրավիճակում իրենց վրա վերցնել պատասխանատվությունը ու ավելի ակտիվ ներգրավվել երկրի պաշտպանության գործում:

Այսօր բոլորս պիտի դառնանք զինվոր ու պատրաստվենք ծառայության, ամեն մեկս մեր ոլորտում, մեր ուժերի չափով:

Արցախցի երիտասարդներն իսկապես ֆանտաստիկ են»,-ասվում է գրառման մեջ:

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։

Հոկտեմբերի 8-ին Ստեփանակերտում ինքնաբուխ հավաք էր եղել Վերածննդի հրապարակում։ Մասնակիցները պահանջում էին հանդիպում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգողները և հավաքի մյուս նախաձեռնողներն իրենց խոսքում նշել են, որ բողոքի ցույցի պատճառը Պրահայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունն է, թե «Արցախի հայերն Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ ովքեր համաձայն չեն, կարող են գնալ, որտեղ ուզում են»։