Ռոբերտ Սիմոնյանը դարձել է սամբոյի աշխարհի չեմպիոն պատանիների 53 կգ քաշային կարգում, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Սիմոնյանն իր հաղթանակը նվիրել է Արցախյան պատերազմում զոհված տղաների հիշատակին։
Հոկտեմբերի 14-16-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Հայ սամբիստներն Աշխարհի 2022թ. երիտասարդական առաջնության ընթացքում նվաճեցին 20 մեդալ՝ 1 ոսկի, 2 արծաթ, 17 բրոնզ:
Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը ներառել է նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր:
Առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին: Միջոցառումն ուղեկցվել է ձայնային և լուսային գեղեցիկ շոու ծրագրով, որի ընթացքում ներկայացվել են հայկական մշակույթն ու արվեստը: Անդրադարձ է կատարվել նաև տարբեր ոլորտներում հայ նշանավոր և անվանի գործիչներին: