AM
19 October 2022 - 08:06 AMT

Իրանի ԱԳ նախարար․ Թույլ չենք տա, որ ՀՀ հետ ԻԻՀ հաղորդակցության ուղին փակվի, և «այդ նպատակով զորավարժություն ենք սկսել»

Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ ԻԻՀ-ն թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության ուղին փակվի և «այդ նպատակով զորավարժություններ է սկսել այդ տարածաշրջանում»։ Այդ մասին նա ասել է «Դիվանագիտության դաշտ» վավերագրական ծրագրի ժամանակ, հայտնում է IRNA գործակալությունը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային վեճին, ապա Ամիր Աբդոլլահիանն ասել է․ «Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության ուղին շրջափակվի և այդ նպատակով Իրանը զորավարժություններ է սկսել այդ տարածաշրջանում»։

Աբդոլլահիանն անդրադարձել է նաև ՌԴ հետ գործակցությանը՝ նշելով, որ Իրանը մտադիր է մինչև 2023-ի մարտը գործակցության մասին համապարփակ համաձայնագիր կնքել ՌԴ հետ և այդ նպատակով Թեհրանի և Մոսկվայի միջև խորհրդակցությունները շարունակվում են։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանը զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին՝ զրահատանկային ստորաբաժանումներ, հատուկ նշանակության ուժեր, ուղղաթիռներ և մարտական անօդաչու թռչող սարքեր: