AM
19 Հոկտեմբեր 2022 - 08:44 AMT

Ուրուգվայի Սենատորների պալատը դատապարտել է Ադրբեջանի ներխուժումը ՀՀ տարածք

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատորների պալատը հայտարարությամբ դատապարտել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը: Այս մասին ասվում է Ուրուգվայի Սենատորների պալատը հայտարարության մեջ, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումների սրացումը և Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի ռմբակոծումները՝ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատորների պալատը հայտարարում է.

Դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ Ադրբեջանի ներխուժման առնչությամբ,

Համերաշխ ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման զոհ հանդիսացող հայ ժողովրդի հետ,

Մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ճնշման և ռազմական բախումների կապակցությամբ,

Հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի զինվորականների կողմից իրականացրած պատերազմական հանցագործությունների մասին բազմաթիվ արձանագրությունների առկայության պայմաններում պահանջում է ամբողջական և անաչառ հետաքննություն, ինչպես բարձրաձայնվել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Եվրոպական Միության, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության կողմից, ի թիվս այլոց,

Մերժում է սպառնալիքի և ուժի կիրառումը՝ որպես տարաձայնությունների լուծման միջոց,

Հույս է հայտնում, որ երկու երկրների միջև երրորդ երկրների միջնորդների ներգրավմամբ մեկնարկած դիվանագիտական բանակցությունները թույլ կտան համաձայնության հասնել՝ հիմնված միջազգային իրավունքի կիրարկման վրա և կապահովեն երկու երկրների միջև տևական խաղաղություն՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ամբողջականությունը և ինքնիշխանությունը,

Հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին պահպանել լիարժեք հրադադար՝ հիմնված 2020թ. Եռակողմ հայտարարության վրա և վերականգնել երկխոսության ուղին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ և այլ համաձայնեցված ուղիներով, միջազգային հանրության աջակցությամբ և երաշխավորմամբ՝ ՄԱԿ-ի սկզբունքների համաձայն, ինչպես արտահայտվել է մեր արտաքին հարաբերությունների նախարարության կողմից սեպտեմբերի 14-ի հաղորդագրությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 210-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։ Անհետ կորած զինծառայողների թիվը 28 է։ ‌