Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ԱՀ հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ Արցախի ապագան՝ առանց ՌԴ երաշխավորության կասկածի տակ է տեսնում։
«Մեզ համար անկախությունը, ազգերի ինքնորշման իրավունքի իրացումը կարևոր է, բայց դա՝ առանց ՌԴ երաշխավորության, չեմ պատկերացնում։
Արցախի անվտանգության երաշխավորը երկար ժամանակ Հայաստանն էր, բայց կոնֆլիկտը վաղուց Հայաստանի ու Ադրրբեջանի կամ Արցախի ու Ադրբեջանի միջև չէ․ այն շատ ավելի խորն է։ Տարածաշրջանում Թուրքիայի դերակատարությունը բավականին մեծացել է, ուստի արդեն ոչ միայն խաղաղապահ առաքելություն ենք ակնկալում ՌԴ-ի կողմից, այլև՝ ավելի վստահելի երաշխիքներ։ Միջազգային հանրության ակտիվությունը ողջունում ենք բայց ուզում եմ նաև ուղիղ ու անկեղծ ասել՝ Արցախի ապագան՝ առանց ՌԴ երաշխավորության՝ կասկածի տակ եմ տեսնում»,-ասել է Հարությունյանը, հայտնում է «Փաստինֆոն»։
Հարցին, թե ինչ է լինելու երեք տարի անց, երբ խաղաղապահ առաքելության ժամկետը լրանա՝ Հարությունյանը պատասխանել է` կլինի առաքելության երկարաձգում, թե այլ ձևաչափ, չի կարող ասել, բայց ՌԴ ղեկավարությունը, կարծում է, որոշ ժամանակ հետո կհայտարարի այդ մասին։
Լրագրողի դիտարկմանը, որ անկախ երաշխավորներից, յուրաքանչյուրն ինքնապաշտպանվելու առնվազն նվազագույն հնարավորություններ պետք է ունենա, և որն է նրա կարծիքն այդ մասին, Հարությունյանն ասել է, որ ինքնապաշտպանության առումով որևէ խոչընդոտ չի կարող լինել։
«Մեր ինքնապաշտպանության առումով որևէ խոչընդոտ չի կարող լինել։ Մեր ինքնապաշտպանական հնարավորությունները շարունակելու ենք կատարելագործել»,-ասել է նա։
Անդրադառնալով Ստեփանակերտ-Բաքու երկխոսության թեմային ու դրա հետ կապված շահարկումներին՝ Արցախի նախագահը նշել է, որ 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո շփումներ եղել են, ավելին՝ դրանց շնորհիվ կարևոր հարցեր են լուծվել։
Նրա խոսքով, բոլոր այդ հանդիպումները, սակայն, կայացել են ռուս խաղաղապահների պարտադիր ներկայությամբ, և այդպես էլ շարունակվելու է։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 15-ին Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանն ասել է, որ «Ղարաբաղի հարցով որոշումները շատ դեպքերում չեն բավարարելու հայկական կողմի ցանկությունները», քանի որ փոխվել է աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակը։ Հարությունյանը հանդիպման մանրամասները ներկայացվել է Արցախի քաղուժերին։






