Հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը, որը համաձայնել է ստանձնել ԱՀ պետնախարարի պաշտոնը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով իր այցին Մարտակերտ, գրել է՝ այդտեղ մարդիկ շատ լավ գիտեն, որ իրենցից բացի ոչ ոք չի կարող իրենց տունը պաշտպանել։
«Մարտակերտում վարչակազմի ներկայացուցիչների և բնակչության հետ հանդիպումն իսկապես տպավորիչ էր։ Մարտակերտը բավականին հեռու է Ստեփանակերտից, ու այդ պատճառով, ցավոք, բարձրաստիճան անձինք այստեղ հաճախակի հյուր չեն։ Երևում էր, որ բնակիչները բաց ու անկեղծ շփման կարիք ունեն:
Մարդիկ այստեղ ապրում են դժվարին պայմաններում, բայց ինձ զարմացրեց, որ նրանց հետաքրքրում են ոչ այնքան առօրյա խնդիրներն ու հոգսերը, որքան կրթությանը, ապագայի հեռանկարներին վերաբերող հարցերը:
Այստեղի բնակիչներն արժանի են մեծ հարգանքի: Հայրենիքի պաշտպանությունը, քաղաքացիական պարտքը նրանց համար պարզապես խոսքեր չեն, այլ՝ կենսակերպ: Դա իր օրինակով ցույց էր տալիս նաև Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը: Նա մեր հանդիպման նախօրյակին էր գործընկերների հետ վերադարձել դիրքերում հերթապահությունից: Այստեղ մարդիկ շատ լավ գիտեն, որ իրենցից բացի ոչ ոք չի կարող իրենց տունը պաշտպանել»,-ասվում է գրառման մեջ։
Ռուբեն Վարդանյանն ավելի վաղ հայտնել է, որ նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնի Արցախի պետական նախարարի պաշտոնը։ Նա նշել է, որ մարդիկ հանձինս իրեն ուզում են տեսնել «պատասխանատու առաջնորդի, որը կղեկավարի երկիրը ճգնաժամից հանելու իրական աշխատանքները»:






