ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ հանդիպումը տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի գագաթնաժողովին ընդառաջ և դրա նախապատրաստման շրջանակում։
«Այո, այդ թվում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակում»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ նիստն անցկացվելու է Երևանի նախաձեռնությամբ, Պեսկովը հիշեցրել է, որ այժմ Հայաստանն է նախագահում կազմակերպությունում։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը, որտեղ քննարկվելու են Հայաստանին օգնության միջոցները, կանցկացվի հոկտեմբերի 28-ին։
Ըստ ՀԱՊԿ հայտարարության՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը կկայանա 2022-ի հոկտեմբերի 28-ին։ Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման պատճառով սեպտեմբերի 15-ին Հայաստան գործուղված ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները։ Նաև առաջարկվում է քննարկել ՀՀ-ին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցները։
Հոկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնում և 2 հիմնական ակնկալիք ունի։ «Առաջին՝ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական պետք է տա տեղի ունեցածին, և երկրորդ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու ճանապարհային քարտեզ ընդունի»,-ասել է նա։






