AM
28 Հոկտեմբեր 2022 - 13:13 AMT

Դոնֆրիդն ու Բայրամովը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորումը

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերին Դոնֆրիդն ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և խաղաղության ջանքերի հեռանկարները», գրում է Haqqin.az-ը Բայրամովի թվիթերյան գրառման վրա հղումով։

«Վերահաստատել եմ իմ երկրի հանձնառությունը և լիակատար պատրաստակամությունը՝ հասնել խաղաղության և կայունության տարածաշրջանում», – ասվում է գրառման մեջ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 27-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 220-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։