AM
29 Հոկտեմբեր 2022 - 09:34 AMT

ԱՀ նախագահ․ Հուսով ենք՝ Սոչիի հանդիպմանը կհաջողվի ամրապնդել այն տարրերը, որոնք վերաբերում են Արցախի ճակատագրին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին, հայտարարել է, որ ռուսական առաջարկություններն առավելապես համապատասխանում են այն նվազագույն չափանիշներին, որոնք թույլ են տալիս ապահովել Արցախի անվտանգությունը և հույս է հայտնել, որ Սոչիի հանդիպմանը կհաջողվի ամրապնդել այն տարրերը, որոնք վերաբերում են Արցախի ճակատագրին։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին մի քանի ուժային կենտրոնների կողմից ներկայացվել են առաջարկություններ՝ կարգավորման առանցքային հարցերի վերաբերյալ։

«Առաջարկված սկզբունքներն ու մոտեցումները, դրանց ընդունման և իրացման դեպքում, վճռորոշ նշանակություն են ունենալու թե՛ Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի, և թե՛ Հայաստանի ու տարածաշրջանի մյուս երկրների համար։

Հենց այդ պատճառով էլ մենք սխալվելու իրավունք չունենք, քանի որ ցանկացած սխալ կարող է ճակատագրական դառնալ։ Մենք վստահ ենք, որ պետք է մեկընդմիշտ մերժվեն այն առաջարկներն ու սկզբունքները, որոնք ժխտում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, զրկում են հակամարտության արդարացի կարգավորման հեռանկարներից և կասկածի տակ են դնում Արցախի գոյությունը։ Եվ դա բխում է ոչ միայն ԱՀ շահերից, այլև՝ ամբողջ հայության, քանի որ ՀՀ-ն ու Արցախի Հանրապետությունը ձևավորում են մեկ միասնական հայրենիք և արժեքների ու շահերի անբաժանելի ամբողջություն:

Ողջունում ենք Հայաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը դեռ սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ՝ Ռուսաստանի կողմից ներկայացված սկզբունքների և պարամետրերի հիման վրա, և պատրաստ է դա վերահաստատել հոկտեմբերի 31-ին Սոչիում սպասվող բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։

Անշուշտ, մենք կուզեինք բանակցային գործընթացի արդյունքում հասնել ղարաբաղյան հակամարտության արդարացի ու վերջնական կարգավորման և Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի միջազգային ճանաչման: Սակայն, հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու սահմանափակ հնարավորությունները, մեր կարծիքով՝ ռուսաստանյան առաջարկություններն առավելապես համապատասխանում են այն նվազագույն չափանիշներին, որոնք թույլ են տալիս ապահովել Արցախի անվտանգությունը և կասկածի տակ չեն դնում նրա ապագան։

Հույս ենք հայտնում, որ հոկտեմբերի 31-ին կայանալիք եռակողմ գագաթնաժողովի արդյունքում կհաջողվի ամրապնդել այն տարրերը, որոնք վերաբերում են Արցախի ճակատագրին։ Առաջին հերթին, խոսքը վերաբերում է Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի առաքելության անժամկետ երկարաձգման մասին։ Արցախում նրանց գտնվելը կենսական նշանակություն ունի, քանի որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության համար պատասխանատվության էական բաժինը կրում են ռուս խաղաղապահները։ Երկրորդ առանցքային պարամետրը հանդիսանում է Արցախի առնվազն ներկայիս կարգավիճակի պահպանումը»,-ասվում է հայտարարության մեջ։

Հարությունյանը նշել է, որ «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը որոշակի հույսեր է ներշնչում, որ այդ նպատակները միանգամայն իրականանալի են։

«Ակնկալում ենք, որ կայանալիք բանակցությունների ժամանակ լիովին կպաշտպանվեն Արցախի Հանրապետության կենսական շահերը և, առաջին հերթին, Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և այդ իրավունքի իրացման արդյունքների միջազգային ճանաչումն այլընտրանք չունի։

Վստահ ենք, որ համատեղ ջանքերով կհաջողվի թույլ չտալ Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ ուժի անօրինական կիրառման հետևանքների լեգիտիմացումը՝ դրանով իսկ պայմաններ ապահովելով մեր հայրենիքի ու ժողովրդի անվտանգ ու բարեկեցիկ ապագայի համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Հայաստանին առաջարկվող վաշինգտոնյան տարբերակը, ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում։ Նա հավելել է․ «Եթե Հայաստանն այդպես է կարծում՝ խնդրեմ։ Մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության»։ ՌԴ նախագահը նաև ասել է, որ ՌԴ-ն չի պատրաստվում ոչինչ պարտադրել Հայաստանին, չի կարող և չի պատրաստվում ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ։

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենա ՀայաստանիվարչապետՆիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Պուտինը նաև առանձնազրույցներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ։