Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով թուրքական լրատվամիջոցի հարցին «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասել է, որ Ռուսաստանն օգտագործում է «երթուղի» տերմինը, հայտնում է Sputnik Արմենիան։
«Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրը քննարկվել է Սոչիում կայացած գագաթնաժողովում»,– ասել է Զախարովան՝ հավելելով, որ համապատասխան աշխատանքը շարունակվելու է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում` 3 երկրի փոխվարչապետների նախագահությամբ։
Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է ՀՀ տարածքով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բացելու մտադրության մասին։ Պաշտոնական Երևանը մշտապես հակադարձում է, որ հայկական կողմը միջանցքային տրամաբանությամբ ոչ մի հարց չի քննարկել և չի քննարկելու՝ նշելով, որ պատրաստ է բացել տրանսպորտային հաղորդակցությունները, որոնք կգտնվեն այն երկրների իրավասության ներքո, որոնց տարածքով անցնելու են։






