AM
5 Նոյեմբեր 2022 - 10:37 AMT

Բայրամով․ Վաշինգտոնում քննարկելու ենք խաղաղության պայմանագիրը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը նախատեսվում է քննարկել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը։

Նա հավելել է, որ հանդիպումը կայանալու է Բլինքենի նախաձեռնությամբ, գրում է Haqqin.az-ը։

«Ադրբեջանական կողմը տվել է իր համաձայնությունը։ Իհարկե, օրակարգում մի քանի հարց կա, մասնավորապես, խաղաղության պայմանագիրը»,-ասել է նա։

Բայրամովն ասել է, որ հոկտեմբերի 2-ին Ժնևում կայացած հանդիպմանը Բաքուն Երևանին է փոխանցել «5 սկզբունքի վրա հիմնված խաղաղության պայմանագրի առավել ընդլայնված տարրերը»։

«Հայկական կողմը հայտարարել է, որ կուսումնասիրի, որ իրեն լրացուցիչ ժամանակ է պետք։ Կարծում եմ Վաշինգտոնում մենք կկարողանանք դա քննարկել»,-ասել է Բայրամովը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն ԱՄՆ-ում։ Այդ մասին Միրզոյանը հայտարարել է Ազգային ժողովում

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։ Հայտարարության մեջ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղը, խոսվում է ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում։ Սոչիի գագաթաժողովի շրջանակներում առանձնազրույց են ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը։