Նոյեմբերի 4-5-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում անցկացվել է Կիոկուշին կարատեի KWF Եվրոպայի 35-րդ առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները, Սպարտակ Գասպարյանի գլխավորությամբ, 19 մասնակցով 17 մեդալ են նվաճել։
Թիմին ուղեկցել են նաև մարզիչներ Հրաչ Գրիգորյանը, Արմեն Կիրակոսյանն ու Արթուր Առուշանյանը, որը հանդես է եկել նաև որպես մարզիկ ու կարիերայում 6-րդ անգամ հռչակվել Եվրոպայի չեմպիոն։ Առաջնության ընթացքում Առուշանյանը նաև ստացել է «Լավագույն տեխնիկա» մրցանակը, հայտնում է Armsport-ը։
Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ կարողացել են նվաճել 5 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե մեդալ։ Մրցումային երկրորդ օրը՝ երիտասարդների և մեծահասակների պայքարում հայ կարատեիստները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել։
Հայաստանի ԿիոկուշինԿայ կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանի խոսքով՝ նմանօրինակ արդյունքը սպասելի էր:
«Արդյունքներն ուղղակի փայլուն են՝ 19 մասնակից և 17 մեդալ։ Շատ լավ էինք պատրաստվել՝ հավաքներ անցկացնելով Սևանում և Երևանում, այնպես որ սպասելի էր նման արդյունքը։ Արդարության համար կուզեմ նշել, որ մենք նաև այլ՝ բավական լավ մարզիկներ ունեինք, որոնք ինչ-ինչ պատճառներով չկարողացան գալ ու մասնակցել այս ստուգատեսին»,-ասել է նա։
Մրցումային երկու օրերի արդյունքում Եվրոպայի չեմպիոններ են հռչակվել նաև Նարեկ Պողոսյանը, Արտյոմ Մնացականյանը, Գենադի Գասպարյանը, Բորիս Պետրոսյանը, Գոռ Կիրակոսյանը և Էմիլ Ղազարյանը։