Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱՀ տեղափոխվելուց հետո Հայաստանից, Սփյուռքից շատերն են իրեն դիմում և բոլորն անխտիր ողջունում են իր քայլը:
Նա գրել է, որ աշխարհի լավագույն բուհերի շրջանավարտներ շատ ունենք, որոնց փորձի ու գիտելիքների կարիքը կա Արցախում՝ ինչպես երիտասարդների կրթության, այնպես էլ մեծ թվով այլ ծրագրերում ներգրավվելու համար:
Նա հավելել է, որ պետք չէ վախենալ Արցախ գալուց և սպասում է բոլորին ԱՀ-ում։
«Մի մասը հարցնում է՝ ինչով կարող են օգնել, մյուս մասն ասում է, որ իմ երկրպագուն են և հետևում են իմ գործողություններին, բայց շատ են նաև նրանք, ովքեր ասում են, որ պատրաստ են արցախցիների ու իմ կողքին կանգնել ու հնարավոր ամեն ինչ անել հանուն Արցախի: Ու սա ինձ ուրախացնում է, քանի որ հիմա Արցախն ավելի շատ կարիք ունի զինվորի պես ամեն ոլորտում ճակատ պահող մարդկանց, քան հեռվից աջակցողների կամ երկրպագուների:
Երեկ հետաքրքիր հանդիպում ունեցա Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբի նախագահ Արտյոմ Գեղամյանի, ակումբի անդամներ Հովհաննես Ղազարյանի և Աննա Դանիելյանի հետ: Արձագանքելով իմ կոչին՝ նրանք եկել էին Արցախ, հանդիպելու և հստակեցնելու համագործակցության ուղղությունները: Ուրախ էի լսել, որ նրանք պատրաստ են իրենց հնարավորությունների շրջանակում ամեն ինչ անել հանուն Արցախի զարգացման, ամեն ինչ անել, որ մենք միասին հաջողենք»,-ասվում է գրառման մեջ:
Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշանակվել է ԱՀ պետնախարար։ Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիրը։ Վարդանյանը կհամակարգի բոլոր ոլորտները, ուժայիններից բացի։






