ԵՄ-ն կոչ է արել ՀՀ-ին ու Ադրբեջանին շարունակել հաշտեցման ջանքերը՝ կանխելու մարդկային կյանքերի հետագա կորուստները և վնասները, և շրջել թշնամության էջը։ Այս մասին ասված է Եվրամիության արտաքին գործողության ծառայության՝ 44-օրյա պատերազմի ավարտի երկրորդ տարելիցին նվիրված ուղերձում։
Եվրամիությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների ջանքերը՝ ուղղված տարաձայնությունների հաղթահարմանն ու տարածաշրջանում կայունության հաստատմանը:
ԵՄ-ն կողմերին նաև կոչ է արելխուսափել լարվածության ցանկացած անհարկի սրացումից, ներառյալ՝ զերծ մնալ փոխադարձ սպառնալիքներից կամ մեղադրանքներից, ռազմական սադրանքներից ու գործողություններից։
«Թեև բանակցություններն ակնհայտորեն բարդ են և ժամանակ կպահանջեն, սակայն անչափ կարևոր է թափը չկորցնել, պայմանավորվել կոնկրետ առանջընթաց ապահովող քայլերի շուրջ և ապահովել անվտանգ, ապահով և բարեկեցիկ միջավայր՝ ի շահ տարածաշրջանի բնակչության»,- ասված է հայտարարության մեջ:






