AM
12 Նոյեմբեր 2022 - 08:27 AMT

Բաբայան․ Ստեփանակերտը դեմ չէ Բաքվի հետ երկխոսությանը, բայց այն չպետք է դիտարկվի որպես ներադրբեջանական

ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանն Արցախի հանրային հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է, որ Ստեփանակերտը դեմ չէ Բաքվի հետ երկխոսությանը, բայց դա չպետք է դիտարկվի որպես ներադրբեջանական երկխոսություն:

«Բաքուն կարող է այնպես ներկայացնել, թե մի խումբ աբորիգեններ, այսինքն մենք, 30 տարի մեզ վատ ենք պահել, դուրս ենք եկել մայր Ադրբեջանի դեմ, հիմա գալիս ենք մեղայականով, ինչ անընդունելի տարբերակ է։ Եթե ուզում են բանակցել, պետք է բանակցենք որպես կողմեր, միջազգային ձևաչափով, անպայման ներկա լինեն Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, այլ միջազգային կազմակերպություններ, եթե չեն խանգարի»,- ասել է Բաբայանը։

Խոսելով ՀՀ և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի կնքման մասին՝ Բաբայանն ասել է, որ դրանում ինչ-որ անդրադարձ Արցախին պետք է լինի։

«Մենք իրատես ենք՝ չենք ասում թող Ադրբեջանը Արցախի անկախությունը ճանաչի, բայց անթույլատրելի ենք համարում, որ ֆիքսվի, թե Արցախը Ադրբեջանի մաս է։ Դրա համար ասում ենք բերեք հրաժարվենք ծայրահեղություններից և ընտրենք ոսկե միջինը՝ թողնենք հարցը ապագային, քանի որ հիմա կարգավորելն անհնար է։ Բայց փոխկապակցել մեկը մյուսի հետ և ասել, որ պետք է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, որ Բաքուն իրեն խելոք պահի, այդպիսի բան չի լինի։ Հենց Արցախը տան, իրենք հավակնություններ ունեն Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Երևանի նկատմամբ»,-ասել է Բաբայանը։

Ալիևը հայտարարել, է, որ ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարները Պրահայի ու Սոչիի հայտարարություններով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ այդպիսով, ղարաբաղյան հակամարտությունը պատմության գիրկն է անցել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության եթերում, արձագանքելով Ալիևին, ասել է՝ եթե Ղարաբաղի հարցը լուծված է, ապա այդ դեպքում ինչո՞ւ ԼՂ հայությունը դա չի զգում։

Հոկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Հայաստանին առաջարկվող վաշինգտոնյան տարբերակը, ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում։ Նա հավելել է․ «Եթե Հայաստանն այդպես է կարծում՝ խնդրեմ։ Մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության»։ ՌԴ նախագահը նաև ասել է, որ ՌԴ-ն չի պատրաստվում ոչինչ պարտադրել Հայաստանին, չի կարող և չի պատրաստվում ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ։