AM
15 Նոյեմբեր 2022 - 07:23 AMT

ՀՀ-ն ձեռնպահ է քվեարկել ՄԱԿ ԳՎ բանաձևին, որով կոչ է արվում ՌԴ-ից հատուցում գանձել հօգուտ Ուկրաինայի

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հավանություն է տվել բանաձևին, որով կոչ է արվում ՌԴ-ից հատուցում գանձել հօգուտ Ուկրաինայի՝ փոխհատուցելու համար ՌԴ-ի ներխուժման հետևանքով այդ երկրի կրած վնասը։ Հայաստանը ձեռնպահ է քվեարկել։

Բանաձևով նաև կոչ է արվում համապատասխան մեխանիզմ ստեղծել դրա իրականացման համար։

Փաստաթղթին կողմ է քվեարկել 94 պետություն, դեմ՝ 13-ը, ձեռնպահ՝ 73-ը: 11 երկիր չի մասնակցել քվեարկության, գրում է BBC-ն։

Դեմ են քվեարկել Բելառուսը, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը, Չինաստանը, Կուբան, ԿԺԴՀ-ն, Էրիթրեան, Եթովպիան, Իրանը, Մալին, Ռուսաստանը, Սիրիան և Զիմբաբվեն:

Թուրքիան և Վրաստանը կողմ քվեարկած երկրների շարքում են, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկության։

Հայաստանից բացի, ձեռնպահ են քվեարկել Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանն ու Սերբիան։

ՄԱԿ ԳՎ բանաձևերը, ի տարբերություն ՄԱԿ ԱԽ բանաձևերի, պարտադիր չեն կատարման համար, թեև ունեն որոշակի քաղաքական նշանակություն։ Իսկ ՄԱԿ ԱԽ-ում ՌԴ-ն ունի վետոյի իրավունք և արգելափակում է իր դեմ ուղղված բոլոր փաստաթղթերը։