Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը շատ կարևոր ձևակերպումներ է պարունակում Արցախի սուբյեկտայնության տեսանկյունից։
«Շնորհակալ եմ Ֆրանսիայի Սենատի պատգամավորներին Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների և մեր ժողովրդի համար այս կարևոր բանաձևն ընդունելու համար:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում սենատորներ Բրունո Ռետայոյին, Քրիստիան Կամբոնին, Պատրիկ Քաններին, Էրվե Մարսեյին, Էլիան Ասասիին և Ժիլբեր-Լյուկ Դեվինազին՝ բանաձևը ներկայացնելու համար:
Բանաձևը մեզ համար շատ կարևոր ձևակերպումներ է պարունակում Արցախի սուբյեկտայնության տեսանկյունից:Փաստաթուղթը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և այդ ճանաչումը երկարատև խաղաղության հաստատման բանակցություններում որպես գործիք օգտագործելու անհրաժեշտությունը: Բանաձևում ընդգծվում է նաև, որ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ կրկնվող ագրեսիվ գործողությունները սպառնում են արցախահայության անվտանգությանն ու ազատությանը:
Սրանք այն կետերն են, որոնք կարևոր են Արցախի ու արցախահայության ապագայի համար: Իր հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ ապրելու համար արցախահայության արդար պայքարը մեկ օր հասնելու է իր նպատակին՝ հայ ժողովրդի վճռականության և մեր բարեկամների աջակցության շնորհիվ»,-ասվում է գրառման մեջ:
Արցախի ԱԳՆ-ն նույնպես ողջունել է բանաձևի ընդունումը՝ նշելով, որ Ֆրանսիայի Սենատի կողմից նման բանաձևի ընդունումը կարևոր քայլ է և՛ քաղաքական, և՛ իրավական, և՛ բարոյական տեսանկյուններից։
«Փաստաթղթում վերահաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու և այդ ճանաչումը որպես բանակցային գործիք կիրառելու անհրաժեշտությունը՝ տևական խաղաղություն հաստատելու նպատակով։
Բանաձևում ընդգծվում է, որ Ադրբեջանի կրկնվող ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սպառնում են արցախահայության անվտանգությանն ու ազատությանը։ Սենատը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը անել հնարավորը, որպեսզի Ադրբեջանը անհապաղ միանա բանակցային գործընթացին՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար։ Երախտագիտություն ենք հայտնում Ֆրանսիայի մեր բարեկամներին՝ աներկբա և սկզբունքային դիրքորոշում որդեգրելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։
Ֆրանսիայի սենատը 295 կողմ և 1 դեմ ձայներով ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժմիջոցներ առաջարկող բանաձև: Բանաձևը ներկայացրել են սենատորներ Բրունո Ռըտայոն, Քրիստիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը։






