Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ, հայտնում է Արցախի ոստիկանությունը:
Նոյեմբերի 16-ին` ժամը 14:30-ին, Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի 36-ամյա բնակիչը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ ժամը 11:40-ի սահմաններում Ամարասի հովտում գտնվող Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքից հրաձգային տարբեր զինատեսակներից անկանոն կրակ են բացել դաշտում աշխատող քաղաքացիների ուղղությամբ։
Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։
Դեպքի մասին ոստիկանությունը տեղեկացրել և համապատասխան նյութեր է տրամադրել ռուսական խաղաղապահ զորակազմին։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը 2020-2022թթ. Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերի և Արցախի խաղաղ բնակչության իրավունքների խախտման մասին հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ այդ ընթացքում Արցախում Ադրբեջանի կողմից 18 անձ է սպանվել։
Ադրբեջանի ԶՈւ-ն նոյեմբերի 12-ին կրակ էր բացել ԼՂ խաղաղ բնակչի ուղղությամբ Խրամորթ գյուղից ոչ հեռու և վիրավորել նրան։ ՌԴ խաղաղապահ զորակազմը հաստատել էր, որ կրակոցներն արձակվել են ադրբեջանական դիրքից և որ վիրավորվել է գյուղաշխատանքներ կատարող խաղաղ բնակիչը։






