AM
17 Նոյեմբեր 2022 - 14:28 AMT

Քառօրյայում զոհված Քյարամ Սլոյանին և Անդրանիկ Զոհրաբյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

2016-ի ապրիլյան Քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանին և Անդրանիկ Զոհրաբյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը: Երևանում Արցախի ներկայացուցչությունում «Ոսկե արծիվ» շքանշանները հերոսների ծնողներին է հանձնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Արցախի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը, ողջունելով ներկաներին՝ նշեց, որ Քառօրյա պատերազմում իր որդին և բոլոր տղաները տվել են իրենց ամենաթանկը՝ կյանքը՝ հանուն հայրենիքի:

«Արցախը մեր սրբավայրն է, ես երախտիքի խոսք եմ ուզում ասել ի դեմս Արցախի նախագահի՝ Արցախի ժողովրդին, մեր զավակների արած գործն ու սխրանքը գնահատելու ու արժևորելու համար: Սա գնահատանք է, արժևորումն է մեր տղաների գործած սխրանքի: Իսկ մեզ՝ ծնողներիս, սա օգնում է, որպեսզի կարողանանք ապրել»,- ասել է հերոսի հայրը:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ 116-րդ դիրքի պաշտպանությունը վճռորոշ է եղել 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտի ելքի հարցում:

«Հակառակորդը, չունենալով շոշափելի առավելություն, ընդունեց զինադադարի պայմանները, և դա մեր հերոս տղաների շնորհիվ: Ես խոնարհվում եմ իրենց առաջ: Այս պարգևատրության արարողությունը վաղուց էինք պլանավորել և մեր եզդի Քյարամի պարգևատրումը ցանկանում էինք իրականացնել եզդիների Ազգային որևէ մեծ տոնի ընթացքում՝ իրենց հայրենակիցների ներկայությամբ, բայց, կարծես, ամեն անգամ որևէ բան խանգարում էր: Այսօրվա ընտրված վայրն էլ ոչ պակաս խորհրդանշական է. այն տեղի է ունենում Արցախի Հանրապետության Երևանյան ներկայացուցչության գրասենյակում: Սա Արցախի ժողովրդի շնորհակալությունն է բոլոր մեր հերոսներին և մեր եզդի եղբայրներին ու քույրերին»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Արցախի հերոս Քյարամ Սլոյանի ավագ եղբայր Համիկ Սլոյանն իր խոսքում նշել է, որ միշտ հպարտություն են զգացել իրենց եղբոր սխրանքով:

«Միշտ հպարտացել ենք ոչ միայն Քյարամի՝ այլև մեր բոլոր հերոսներով, քանի որ Քյարամի դեպքից հետո սահմանին զոհված յուրաքանչյուր զինվոր մեզ համար Քյարամ է: Իսկ կոչում շնորհելը կարևորվում է նրանով, որ իրենց արած հերոսությունը գնահատվում է»,-ասել է նա:

Համիկ Սլոյանը պատմել է, որ իր որդուն անվանակոչել է եղբոր անունով, չնայած նրան, որ եղբոր բացը ոչինչ չի լրացնի, բայց փորձում են նրա կարոտը և բացը լրացնել փոքրիկ Քյարամով:

2016-ի ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում, որոնք հետագայում ստացան Քառօրյա պատերազմ անվանումը, հայկական կողմը տվեց ավելի քան 90 զոհ և մոտ 120 վիրավոր, կորցվել է մոտ 800 հա տարածք: