Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 21-ի 10։00-14։25-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,-ասվում է ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի 18-ին` ժամը 12:15-ին, Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել ահազանգով, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ։
Նոյեմբերի 16-ին` ժամը 14:30-ին, Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի 36-ամյա բնակիչը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ ժամը 11:40-ի սահմաններում Ամարասի հովտում գտնվող Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքից հրաձգային տարբեր զինատեսակներից անկանոն կրակ են բացել դաշտում աշխատող քաղաքացիների ուղղությամբ։






