Նոյեմբերի 21-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մի քանի ուղղությամբ խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով Արցախի ՊԲ դիրքերի, ինչպես նաև Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 21-ի ժամը 16։50-ից նոյեմբերի 22-ի ժամը 01։05-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Նոյեմբերի 18-ին` ժամը 12:15-ին, Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել ահազանգով, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ։
Նոյեմբերի 16-ին` ժամը 14:30-ին, Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի 36-ամյա բնակիչը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ ժամը 11:40-ի սահմաններում Ամարասի հովտում գտնվող Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքից հրաձգային տարբեր զինատեսակներից անկանոն կրակ են բացել դաշտում աշխատող քաղաքացիների ուղղությամբ։






