Վրաստանի ֆինանսների նախարարությունը, անդրադառնալով հայկական բեռնատարների կուտակմանը Վրաստանի տարածքում, հայտնել է, որ հայկական բեռնատարների համար որևէ սահմանափակում չկա, գրում է Aliq Media-ն։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին առկա են բեռնատարների կուտակումներ, հերթերը տեղեկությունների համաձայն դանդաղ են ընթանում։ Այսուհանդերձ տարածվեց տեղեկություն, թե ադրբեջանական և թուրքական պետահամարանիշներով ավտոմեքենաները առանց հերթի են անցնում սահմանը։
«Տեղեկությունը, թե բացի հայկական բեռնատարներից, ադրբեջանական, ղազախական, բելառուսական և թուրքական մեքենաները անարգել շարժվում են Լարսի ճանապարհին, ապատեղեկատվություն է»,-հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարությունից։
Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Հարություն Հայրապետյանը նշել է, որ այս պահի դրությամբ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին ոչ միայն հայկական բեռնատարներն են կանգնած:
«Վերջին 20 օրվա ընթացքում թողունակության որոշակի սահմանափակում է մտցվել, որը պատճառ է հանդիսացել, որ հերթեր գոյանան։ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի վրա երեկվա տվյալներով մոտ 400 բեռնատար կար, որոնց մոտ 60 տոկոսը հայկական պետհամարանիշներով էին»,-հայտնում է Հայրապետյանը։
Նրա խոսքով, 2 օր առաջ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհից 250-300 հայկական բեռնատար է շարժվել դեպի Լարս։
Նախարարության մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ «Կազբեգի» մաքսակետով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցների/տարանցիկ ապրանքների համար որևէ սահմանափակում չկա։
«Վրաստանի ցամաքային սահմանը հատելու նպատակով միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատար մեքենաների անվտանգ տեղաշարժը իրականացվում է սահմանված հերթի կարգով, քանի որ որոշ ընդունող երկրներում ենթակառուցվածքային աշխատանքների և նոր համակարգերի ներդրման պատճառով Վրաստանի սահմանը հատող տրանսպորտային միջոցների վերահսկողության գործընթացը մասնակի հետաձգվում է, այն վերաբերում է բացառապես բոլոր բեռնատարներին» , — պատասխանել են գերատեսչությունից՝ հավելելով, որ «Միջազգային բեռնաշրջանառության աճն ապահովելու նպատակով, մաքսային անցակետերի համատեղ կառավարման շրջանակներում, Եկամուտների ծառայությունը ինտենսիվ կապի մեջ է հարևան երկրների համապատասխան մաքսային վարչությունների հետ՝ ռազմավարական կարևոր մարտահրավերները արագորեն լուծելու ուղիներ գտնելու նպատակով»։
Մինչդեռ նոյեմբերի 25-ի դրությամբ հայկական բեռներով բարձված մոտ 1600 մեքենա կա Վրաստանի տարածքում՝ «Վերին Լարս» անցակետում։ Տեղեկությունը հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ վստահեցնելով, որ քայլեր են ձեռնարկվում իրավիճակի լուծման ուղղությամբ, հայտնում է Sputnik Արմենիան։
Վերին Լարսի անցակետով Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող հայկական բեռնատարների կուտակումները նվազում են Լարսի անցակետի թողունակության վերականգնման շնորհիվ։ Հայկական բեռներով մեքենաների համար թողունակությունը նույնն է՝ օրական մոտավորապես 160-170 մեքենա։






