AM
25 Նոյեմբեր 2022 - 14:08 AMT

Ռուս խաղաղապահները՝ Բաքվին․ ԼՂ-ում տեղակայված զորախումբը օգտագործում է ՌԴ ԶՈւ ԳՇ քարտեզներով սահմանված տեղանունները

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահների զորախումբը պատասխանել է Բաքվի պահանջներին, որը հորդորել էր խաղաղապահներին չօգտագործել Լեռնային Ղարաբաղի հայկական տեղանունները։

Ադրբեջանի ՊՆ-ն դիմել էր Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմին` կոչ անելով չօգտագործել Լեռնային Ղարաբաղի հայկական տեղանունները, այլ միայն «բնիկ ադրբեջանականները»։ Որպես կոնկրետ օրինակ նշված էր Մաղավուզ բնակավայրի անվանումը, որի մասին ասվում է խաղաղապահների նոյեմբերի 24-ի տեղեկագրում։

Ռուսաստանի խաղաղապահների Տելեգրամ ալիքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ ՌԴ Զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը ուսումնամարզական և մարտական առաջադրանքներ կատարելիս օգտագործում են ՌԴ ԶՈւ ԳՇ տեղագրական քարտեզներով սահմանված տեղանուններ:

«Զարմանք է առաջացնում Բաքվի քննադատությունը մասնավորապես Մաղավուզ բնակավայրի անվանումն օգտագործելու վերաբերյալ, քանի որ ավելի վաղ և բազմիցս խաղաղապահ առաքելության տեղեկագրերում օգտագործվել են նաև այլ՝ ոչ ադրբեջանական տեղանուններ՝ ԼՂ տարածքով Ադրբեջանի քաղաքացիների ավտոշարասյուններն ուղեկցելու համատեքստում։ Սակայն, դա ոչ մի խնդիր չէր առաջացնում տեղեկատվական դաշտում»,-ասված է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ, ադրբեջանական շարասյուների երթուղին ու ռուս խաղաղապահների հետ փոխգործակցությունը համաձայնեցնելիս, ադրբեջանական կողմը նույնպես օգատգործում է այդ տեղանունները։

«Ամենևին վատ չէր լինի, որ Ադրբեջանի ՊՆ-ն նման աննշան առիթներով կասկածի տակ չդներ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, այլ, սերտ համագործակցելով, այդ թվում՝ տեղում, շարունակեր աշխատանքը տարածաշրջանում խաղաղության պահպանման ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը կարգավորվում է Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։