Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում դեկտեմբերի 5-ին միջադեպեր չեն գրանցվել: Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
«30 դիտակետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պարեկություն է իրականացվել 3 ուղղությամբ՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում:
Նշվում է նաև, որ ապահովվել է ուխտավորների ուղեկցությունը Ամարաս և Գանձասար։
ԱՀ ԱԽ-ն, անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերին, հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ դիտարկվել է Լաչինի միջանցքում ոչ թե մաքսակետ, այլ ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը։ Արցախի ԱԱԾ-ն ևս հայտարարություն էր տարածել` նշելով, որ Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են։ «Վերոգրյալի մասին առաջիկայում համապատասխան հայտարարությամբ հանդես կգա նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարությունը», – ասված է հաղորդագրության մեջ։






