AM
8 Դեկտեմբեր 2022 - 14:32 AMT

ԶԼՄ․ ՀՀ և Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումները կսկսվեն մինչև 2022-ի վերջ

Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ չվերթների վերսկսումից հետո այժմ աշխատանքներ են իրականացվում օդային բեռնափոխադրումներ սկսելու ուղղությամբ: Այդ մասին գրել է թուրքական իշխանամերձ Hurrriyet թերթի կայքը։

Ըստ աղբյուրի, օդային բեռնափոխադրումներ սկսելու համար իրականացվող աշխատանքներն արդեն ավարտին են մոտեցել, և երկու երկրների միջև օդային բեռնափոխադրումները կսկսվեն մինչև 2022-ի ավարտը, գրում է Ermenihaber-ը։

Լրատվամիջոցի դիտարկմամբ, այժմ թուրքական ապրանքներն ուղիղ կհասնեն Հայաստան:

Կայքը հավելել է, որ բացի դրանից մասնագետները հայ-թուրքական սահմանին գտնվող Ալիջան անցակետը բացելու համար տեխնիկական աշխատանքներ են իրականացնում:

Հայ-թուրքական կարգավորման գործընթացի մյուս կարևոր հարցերից է երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու թույլտվության տրամադրումը:

Սակայն, ըստ աղբյուրի, այդ հարցում կան խնդիրներ: Մասնավորապես հայ-թուրքական սահմանին գտնվող 128 մետր երկարություն ունեցող կամուրջը կարիք ունի վերանորոգման:

Աղբյուրի փոխանցմամբ այդ հարցով շաբաթներ առաջ տեղի է ունեցել հանդիպում փորձագետների մակարդակով։ Սակայն այս առումով հստակ քայլերն ակնկալվում են ավելի ուշ՝ հաշվի առնելով եղանակային խիստ պայմանները:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները եղել են սահմանի երկու կողմերում և նույնիսկ ճաշել են Հայաստանի տարածքում: Քալընի խոսքով ՝ քննարկվել են այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն սահմանների բացման ժամանակ, ինչպես նաև կամուրջների վերանորոգման, սահմանային վերահսկողության, անցակետերի հետ կապված հարցեր։

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։