AM
12 Դեկտեմբեր 2022 - 13:19 AMT

Ստեփանակերտ-Շուշի ճանապարհը դեռ փակ է․ Հարյուրավոր մարդիկ մնացել են ճանապարհին

ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել է, որ Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհն արդեն 6 ժամ է շարունակում է փակ մնալ, հարյուրավոր մարդիկ մնացել են ճանապարհին

«Ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքները, Ադրբեջանը փորձում է հումանիտար աղետ ստեղծել Արցախում։

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում անչափահասներ, մնացել են ճանապարհին: Նրանց մի մասը վերադարձել է Գորիս, Իսկ Ստեփանակերտ-Շուշի գոտում ժամեր շարունակ սպասողական վիճակում գտնվող քաղաքացիները, ճանապարհային ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել են Ստեփանակերտ: Անհնարին է դարձել բժշկական պարագաների, դեղամիջոցների և առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Արցախ:

Բանակցություններն առայժմ շարունակվում են: Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,-ասվում է հայտարարության մեջ։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։ Սակայն, տեղում, հանքի աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Դեպտեմբերի 3–ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Միջադեպի մասին տեղեկացվել էին ռուս խաղաղապահները։ Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո նրանց միջնորդությամբ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվեց։