Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին նախատեսվում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ իր բանակցությունների հերթական փուլը՝ խաղաղության պայմանագրի նախագիծ քննարկման շուրջ։
«Ադրբեջանը ՀՀ-ին խաղաղություն է առաջարկել միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ երկու պետությունների սահմաններում։ Սկսվել են երկկողմ բանակցություններ տեքստի շուրջ։ Նոյեմբերի 7-ին, Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո, Ադերբեջանը ՀՀ-ին է ներկայացրել վերանայված առաջարկները։ Ակնկալվում է, որ բանակցությունների հաջաորդ փուլը կլինի առաջիկա շաբաթներին»,-ասել է Բայրամովը «Արևելյան գործընկերության» ծրագրի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը, գրում է Interfax az-ը։
Նա ասել է նաև, թե Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումներն արդյունավետ էին և «Ադրբեջանը շարունակում է կողմ լինել այդ ձևաչափին և պատրաստ է փոխադարձ գործողությունների այդ ուղղությամբ»,-ասել է նա։
Դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի միայն 1 կետի վերաբերյալ։ Այդ կետը դիվանագիտական հարաբերությունները Վիեննայի կոնվենցիայի շրջանակում հաստատելուն է վերաբերում։ «Ուրիշ ոչ մի կետի շուրջ դեռ ոչ մի հստակ համաձայնություն չկա»,-ասել է Գրիգորյանը։
Դեկտեմբերի 8-ին Գրիգորյանը, անդրադառնալով խաղաղության պայմանագրի նախագծի մասով ադրբեջանական կողմի առաջարկներին, որը փոխանցվել էր հայկական կողմին, ասել էր, որ պայմանագրի շուրջ աշխատանքը շարունակվում է։ «Տեքստի վրա շարունակում ենք աշխատել, և մեր կողմից խմբագրված տարբերակը շուտով կփոխանցվի Ադրբեջանին»,- ասել էր Գրիգորյանը:






