Արցախի պետնախարար, քաղպաշտպանության պետ Ռուբեն Վարդանյանը հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղպաշտպանության ոլորտում ընդգրկված գերատեսչությունների ղեկավարների և պատասխանատուների մասնակցությամբ: Նա տեղեկացրել է, որ կառավարությունում իր ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Նշելով, որ իրավիճակը բավականին բարդ է, և ըստ էության Արցախը հայտնվել է ադրբեջանական շրջափակման մեջ, պետնախարարը միաժամանակ շեշտել է, որ կառավարությունն ունի բոլոր հնարավորությունները, ներուժը՝ այն վերահսկելու համար: Ընդգծելով պետական մարմինների առավելագույնս կազմակերպված, համակարգված ու կարգապահ աշխատանքը՝ նա կարևորել է օպերատիվ հաղորդակցության, գերատեսչությունների և վարչական շրջանների միջև արդյունավետ կապի, ինչպես նաև հասարակության պատշաճ իրազեկման ապահովումը, հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Գերատեսչությունների ղեկավարները պետնախարարին զեկուցել են յուրաքանչյուրն իրենց ոլորտում իրավիճակը՝ տեղեկացնելով առկա պաշարների և ռեսուրսների մասին: Պետնախարարը հանձնարարել է կատարել գույքագրում և տեղեկատվություն տրամադրել հրատապ խնդիրների մասին:
Դեկտեմբերի 12-ին` ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:






