AM
14 December 2022 - 06:56 AMT

ԵՄ-ն ու Ֆրանսիան կոչ են անում Ադրբեջանին ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով

Եվրամիությունը լուրջ մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության գծով պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին Ադրբեջանին ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ ԵՄ-ն նաև մտահոգված է այն հաղորդագրություններով, որ Ադրբեջանը փակել է գազի մուտքը Ղարաբաղ»,-ասվում է Ստանոյի հայտարարության մեջ։

Եվրոպացի դիվանագետը նաև նշել է, որ ազատ տեղաշարժի սահմանափակումը հումանիտար խնդիրներ է ստեղծում տեղի բնակչության համար։

«Մյուս խնդիրները կարող են և պետք է լուծվեն երկխոսության և շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների միջոցով։ ԵՄ-ն կրկին զսպվածության կոչ է անում և պատրաստ է իր ավանդն ունենալ վերոնշյալ ջանքերում»,-ասվում է հայտարարության մեջ։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ևս կոչ է արել Ադրբեջանին վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով առանց որևէ նախապայմանի, գրում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնելով եռակողմ հայտարարության դրույթները կատարելու անհրաժեշտության մասին՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ն նշել է, որ Ադրբեջանը «պարտավորվել է երաշխավորել մարդկանց, տրանսպորտի և բեռների երկկողմանի երթևեկը Լաչինի միջանցքում։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: