AM
14 December 2022 - 08:03 AMT

ԱՄՆ կոնգրեսականներ․ Մտահոգիչ է, որ ադրբեջանցիներին թույլատրվում է ազատ բողոքել միայն երբ դա սպառնում է հայերին

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները հայտարարություն են տարածել Լաչինի միջանցնքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ մտահոգիչ է, երբ ադրբեջանցի ժողովրդին թույլատրվում է ազատորեն բողոքել միայն այն դեպքում, երբ դա սպառնում է հայերի կյանքին։

Հայտարարության հեղինակներն են Ֆրենկ Փելոն կրտսերը, Գաս Մ. Բիլիրակիսը, Ջեքի Սփիերը,Դեյվիդ Գ. Վալադաոն և Ադամը Շիֆը, հայտնում է «Առավոտը»։

«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Մտահոգիչ է, որ ադրբեջանցի ժողովրդին թույլատրվում է ազատորեն բողոքել միայն այն դեպքում, երբ դա սպառնում է հայերի կյանքին։ Նրանց կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը կարծես թե համակարգված է և նպատակ ունի փակել Արցախի սննդի, բժշկական պարագաների,տրանսպորտի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման միակ ուղին, գումարած՝ Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժի հետագա սահմանափակումները։ Այլ հաղորդագրություններում նշվում է, որ Ադրբեջանը նաև այդ տարածքում փակել է բնական գազի հիմնական աղբյուրներից մեկը խաղաղ բնակիչների համար՝ ցածր ջերմաստիճանի պայմաններում պոտենցիալ տասնյակ հազարավորների թողնելով առանց ջեռուցման, ինչպես դա արեց այս տարվա սկզբին՝ մարտին»,- ասվում է հայտարարության մեջ:

Կոնգրեսականները նշել են, որ Ադրբեջանի կողմից այս կենսական նշանակության գծերի փակումը կամ նույնիսկ փակելու սպառնալիքը հերթական անգամ կարևոր ենթակառուցվածքները դարձնում է զենք և հումանիտար ճգնաժամի պատճառ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար:

«Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին և մեր եվրոպացի գործընկերներին օգտագործել իրենց ձեռքի տակ եղած դիվանագիտական բոլոր գործիքները՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից ստեղծված այս հստակ շինծու ճգնաժամը, ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ բազմակողմ խաղաղ գործընթացների միջոցով Ալիևին վերադարձնելու բանակցությունների սեղանի շուրջ և ապահովելու, որ Արցախի ժողովուրդը ներգրավվի այդ քննարկումներում»,- ասվում է հայտարարության մեջ:

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։