AM
14 Դեկտեմբեր 2022 - 09:51 AMT

Բեգլարյան. Անժամկետ նստացույց ենք սկսում Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև

Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, որը Երևանում է, հայտարարել է ՄԱԿ-ի գրասենյակի առջև անժամկետ նստացույց սկսելու մասին։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Անժամկետ նստացույց ու շարժում ենք սկսում Երևանում՝ այս փուլում ՄԱԿ-ի գրասենյակի առջև՝ հետևյալ պահանջներով՝

-ՄԱԿ-ի մարմինները պետք է դատապարտեն Ադրբեջանի ցեղասպանական գործողություններն ու շրջափակումը Արցախի ժողովրդի հանդեպ.

-ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անդրադառնա Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հարցին՝ հստակ միջազգային երաշխիքներ տրամադրելով.

-Առնվազն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Չինաստան) և Եվրոպական Միությունը պետք է դատապարտեն Ադրբեջանի գործողությունները և գործնական միջոցներ ձեռնարկեն Ադրբեջանին սանձելու ուղղությամբ:

Հայաստանի հասարակությանը կոչ եմ անում՝

-Դուրս գալ անտարբերության ու անօգնականության թմբիրից և ամեն մեկն իր չափով ու ձևով նպաստի Արցախի պաշտպանության ու հայկական ապագայի երաշխավորման սուրբ գործին.

-Տարբեր հանրային գործողություններով ճնշման տակ պահել հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների դեսպանատները՝ պահանջելով հստակ գործողություններ՝ և՛ առանձին, և՛ ՄԱԿ-ի ձևաչափով.

-Բոլոր հնարավոր տեղերում խոսել ու գրել Արցախի կարևորության ու ներկա կարիքի մասին՝ և՛ հայերենով, և՛ օտար լեզուներով.

-Ով կարող է միանալ նստացույցին կամ բողոքի այլ գործողությունների, թող միանա, քանի որ Արցախի մեր հայրենակիցները շատ ավելի մեծ զրկանքներ են կրում հիմա.

Սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ եմ անում՝

-Իրենց երկրներում կազմակերպել հանրային անհնազանդության գործողություններ՝ պահանջելով իրենց կառավարություններից գործնական քայլեր Արցախի պաշտպանության և Ադրբեջանին սանձելու համար.

-Իրազեկման արշավներ մեկնարկել՝ ուղղված օտար հասարակություններին ու լրատվամիջոցներին Արցախի հայության կարիքները ու ադրբեջանական հանցագործությունները ներկայացնելուն:

Արցախը ամբողջ հայության անզիջում արժեքն է, և այս պայքարն էլ բոլորինս է:

Ժամը 15:00-ին հրավիրում եմ մամուլի ասուլիս՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև: Մնացածը կներկայացնեմ այդ ժամանակ»,- գրել է Արտակ Բագլարյանը։

Արտակ Բեգլարյանը Երևանում էր կրթական ու աշխատանքային միջոցառումների մասնակցելու նպատակով, սակայն Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան կապող միակ ճանապարհը փակելուց հետո չի կարողանում վերադառնալ Ստեփանակերտ։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։