AM
14 Դեկտեմբեր 2022 - 13:45 AMT

Արցախում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով այս պահի դրությամբ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները, հայտնում է նախարարությունը։

Բուժհաստատություններում ներկա պահին առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա։ Այս պահին ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոնում» 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Կան բժշկական հաստատություններ, որոնք ջեռուցվում են դիզվառելիքով (այս պահին խնդիր չկա, բայց պաշարները սուղ են), բայց կան նաև բժշկական հաստատություններ, որոնք գազամատակարարման արգելափակման հետևանքով ջեռուցումն իրականացնում են էլեկտրատաքացուցիչներով։

ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։