AM
15 December 2022 - 08:54 AMT

BBC-ն՝ մուշտակներ հագած և պետկառույցների աշխատակիցներ ներկայացող ադրբեջանցի «էկոակտիվիստների» մասին. Կասկածելի են

BBC-ն անդրադարձել է ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպան» ակտիվիստների կողմից Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքի փակմանը և նրանց ակցիաներին՝ դրանք բավականին կասկածելի համարելով։

«Լուսանկարներում երևում են ճանապարհին տեղադրված բազմաթիվ վրաններ։ Տեսանյութում երևում է ինչպես են ակտիվիստները բղավում «Ստոպ բնապահպանական տեռորին»։

Բաց է մանում այն հարցը, թե արդյոք նրանք իրապես էկոակտիվիստներն են, թե ոչ։ Դատելով տեսանյութից՝ ակցիայի մասնակիցների թվում են պետընկերությունների աշխատակիցներ և նույնիսկ, ինչպես հայտնում է BBC-ի ադրբեջանական ծառայությունը, թուրքական ընկերությունների աշխատակիցներ։

Ադրբեջանի բնապահպանության նախարարությանը կից հանրային խորհրդի անդամ Մահսատի Գուսեյնովան ինքն է գրել սոցցանցերում, որ մասնակցում է ակցիաներին, և տեսանյութ է հրապարակել այնտեղից»,-ասվում է հոդվածում։

Նշվում է նաև, որ արտաքին նշաններով ակցիան ավելի շատ քաղաքականի նման, քան բնապահպանականի։ Նշվում է, որ, օրինակ, մասնակիցներն Ադրբեջանի մեծ դրոշ են հանել, շատերն՝ ուսերին են գցել։

«Մի քանի կին մուշտակ է կրում, ինչը լրացուցիչ առիթ է կասկածելու, որ մասնակիցները բնապահպանական շարժմանն են հարում»,-ասվում է հոդվածում։

Նշվում է նաև, որ Ադրբեջանում շատ ավելի լուրջ բնապահպանական խնդիրներ կան, քան ղարաբաաղյան հանքավայրերի վիճակը։ Այդ խնդիրները հիմնականում կապված են նավթի արդյունահանման հետ, բացի այդ, հատվում են անտառներն ու ոչնչացվում են հազվագյուտ կենդանիները։

Հայտնի ադրբեջանցի լրագրող և հայերի ու ադրբեջանցիների միջև երկխոսության ոչ կառավարական նախագծերի մշտական մասնակից Շահին Ռզաևն ասել է․»Ես այդ բնապահպաններին ցույց կտայի, թե ինչ է կատարվում իմ հայրենի Սուրահանի ավանում, որտեղ նավթ են արդյունահանում։ Այնտեղ այնքան նյութ կա, որ 5 տարվա կհերիքի»։

Հոդվածում նշվում է նաև, որ ավելի վաղ փորձագետները BBC-ին ասել են, որ առճակատման նոր փուլը կարող է կապված լինել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՀՀ-ին վիճելի հարցերի շուտափույթ լուծմանը դրդելու և Ադրբեջանի համար շահավետ պայմաններով խաղաղության պայմանագիր կնքելու ձգտման հետ։

Հոդվածում նշվում է նաև, որ պատերազմի ավարտից հետո Ղարաբաղում մշտապես սրացումներ և զինված բախումներ են եղել, որոնց մեջ, հիմնականում մեղադրել են Ադրբեջանին, որի զինված ուժերը վերջին 1 տարում հասցրել են վերահսկողության տակ վերցնել մեկ բնակավայր և բարձունք։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։