ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանը «Կոմերսանտին» հարցազրույցում Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը նմանեցրել է Լենինգրադի շրջափակմանը Երկրորդ համաշխարհայինի տարիներին։
«Որպեսզի ռուսաստանցի ընթերցողին պարզ լինի, նշեմ, որ ստեղծված իրավիճակը նման է Լենինգրադի բլոկադային, երբ փակվեց «կյանքի ճանապարհը»,-ասել է նա։
Նա հույս է հայտնել, որ ԼՂ իշխանություններին ևս կհաջողվի «օդային միջանցք ստեղծել և բեռներ ընդունել Ստեփանակերտի օդանավակայանում»։
«Մենք դեռ ունենք էլեկտրականություն և հեռախոսակապ, բայց ցանկացած պահի կարող ենք զրկվել նաև դրանից։ Հիմա 120,000 մարդ, այդ թվում 30,000 երեխա, կտրված է ամեն ինչից։ Բայց դրա հետ մեկտեղ մեզ մոտ ամեն ինչ գործում է, աշխատում է, կա անկոտրում կամք այդ ամենը հաղթահարելու»,-ասել է նա, գրում է «Կոմերսանտը»։
Վարդանյանն ասել է, որ ստեղծվել է օպերատիվ շտաբ, սննդամթերքի և դեղորայքի սաhմանափակումներ են մտցվել։
«Կառուցում ենք շրջափակման պայմաններում բնակչության ապահովման համակարգ։ Հարկավոր է, որ սկսի աշխատել Ստեփանակերտի օդանավակայանը։ Դրա համար անհրաժեշտ է միջազգային կազմակերպությունների և բոլոր երկրների ճնշումը, որպեսզի ստեղծվի հումանիտար միջանցք և հումանիտար բեռներով ինքնաթիռները կարողանան վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում։ Դա միակ հնարավորությունն է Ադրբեջանից կախում չունենալու։ Հարկավոր է միջազգային համաձայնագիր, որը թույլ կտա հումանիտար ինքնաթիռներին Արցախ գալ։ Դա կարևոր պայման է որպես համայնք մեր գոյատևման համար։ Օդանավակայանը միանգամայն ֆունկցիոնալ է»,-ասել է նա։
Խոսելով Բաքվի հետ հնարավոր գործակցության մասին՝ Վարդանյանը կրկնել է իր դիրքորոշումը․ «Ադրբեջանը պետք է հասկանա, որ պետք է ճանաչի Արցախը որպես բանակցող կողմ։ Այդ դեպքում ամեն ինչ կարելի է քննարկել։ Այստեղ մարդկանց ամբոխ չի ապրում, սա երկիր է, պետություն է։ Կան ինստիտուտներ, կա խորհրդարան, կառավարություն, նախագահ, ՀԿ-ներ: Պետք է նստել և բանակցել»,-ասել է նա։
Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։






