AM
15 December 2022 - 11:09 AMT

Զախարովա․ ՌԴ-ն մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ, աշխատում ենք ապասրացման ուղղությամբ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ և հուսով է, որ լիարժեք տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնվի մոտ ապագայում։

«Մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի շրջափակմամբ, որի պատճառը կողմերի տարաձայնություններն են հանքերի շահագործման շուրջ։ ՌԴ ՊՆ-ն և խաղաղապահ զորախումբն բոլոր այս օրերին ակտիվորեն աշխատում են իրավիճակի ապասրացման ուղղությամբ։ Մենք հուսով ենք, որ լիարժեք տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնվի ամենամոտ ապագայում»,-ասել է Զախարովան ճեպազրույցում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ Լաչինի միջանցքն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, գտնվում է ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ և 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որը ստորագրել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարները, «կողմերը պարտավորություններ են ստանձնել, որոնք պետք է անշեղորեն կատարվեն»։

«Անընդունելի է խնդիրներ ստեղծելը քաղաքացիական բնակչության կենսագործունեության համար»,-ասել է նա։

Նա մեկնաբանել է նաև ռուս խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքները։

«Առանձին ստիպված եմ մեկնաբանել ռուս խաղաղապահների հասցեին հնչող մերկապարանոց մեղադրանքներն ու սադրիչ գործողությունները։ Որտեղից էլ դրանք բխեն, մենք դրանք համարում ենք անթույլատրելի և հակաարդյունավետ։ ՌԴ խաղաղապահ զորակազմն արդյունավետ կատարում է իր խնդիրները՝ հանդես գալով որպես կայունության երաշխավոր տարածաշրջանում»,-ասել է նա։

ՌԴ պաշտպանության նախարարության Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի դեկտեմբերի 13-ի տեղեկագրում ասվում է, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմն արգելափակել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը։

Նշվում է նաև, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ` վերականգնելու քաղաքացիական ավտոմոբիլային ավտոտրանսպորտի երթևեկությունը Ստեփանակերտ-Գորիս ուղղությամբ։