Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ որոշ մարդիկ, օգտվելով շրջափակման փաստից և վառելիքի սուղ պաշարներից, բարձրացրել են դիզելային վառելիքի գները։
Նա հայտնել է, որ ահազանգերը ստացվել են թեժ գծին և օպերատիվ շտաբը դրանով զբաղվում է:
«Բոլոր մարդիկ հավասար են, ոչ ոք առավելություն չունի ստեղծված իրավիճակում։ Մենք թույլ չենք տա առիթից օգտվել, խոսքն ավելի շատ ունևոր մարդկանց մասին է: Անձնական զանգերն ու կապերը չեն օգնելու։
Գիտեմ այդպիսի դեպքեր, դրանք չեն շարունակվի։ Եթե մարդիկ, օգտագործելով իրենց հնարավորությունները, փորձեն իրենց օգտին ինչ-որ հարցեր լուծել, պատիժ են կրելու»,- ասել է Վարդանյանը՝ հավելելով, որ մարդիկ պետք է վստահ լինեն, որ բոլորը հավասար են և միասնական:
Նա նշել է նաև, որ թեժ գծի հեռախոսահամարներն աշխատում են 24-ժամյա ռեժիմով։ Վարդանյանն ասել է, որ ոչ մի զանգ անպաստախան չի մնալու և վստահ է, որ համախմբված կերպով կկարողանան հաղթահարել այս փորձությունը ևս:
Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։






