Արդեն հինգերորդ օրն է Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։ Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները։
Ադրբեջանը արգելափակել է նաև Հայաստանից Արցախ գազի մատակարարումը` ջեռուցման սեզոնին ստեղծելով լուրջ դժվարություններ բնակչության համար։ Հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար կոչ ենք անում խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան ու վառելիքը։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների առկայությունն առայժմ բավարարում է բնակչության պահանջներին»,- հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։
Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել թեժ գծին` 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով:
Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։






